Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Խուդաթյանը ստանձնեց Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը

Դավիթ Խուդաթյանը ստանձնեց Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը
Պաշտոնական
17:52, 21 декабрь 2021
2021 թվականի դեկտեմբերի 21-ին Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրում անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրված Արմավիր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որի վարում էր ավագանու տարիքով ավագ անդամ Ստեփան Նազարյանը։

Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից։

Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը Խուդաթյանը ստանձնեց օրենքի ուժով և ավագանու անդամներին հանձնեց ավագանու մանդատները:

Նիստի ընթացքում նորընտիր ղեկավար Դավիթ Խուդաթյանը հանդիսավոր երդվեց՝

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների` պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»։
Համայնքի ղեկավարը ստորագրեց երդման տեքստի տակ, այնուհետև հնչեց ՀՀ օրհներգը։

Շնորհավորանքի և օրհնանքի խոսքով հանդես եկավ Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանը։

Նիստին ներկա էին մարզային և համայնքային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի և ԶԼՄ ներկայացուցիչներ, հյուրեր։