Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը իրանական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը կարևորել է տրանսպորտային ոլորտում Իրանի հետ համագործակցությունը

Գնել Սանոսյանը իրանական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը կարևորել է տրանսպորտային ոլորտում Իրանի հետ համագործակցությունը
Պաշտոնական
16:05, 24 декабрь 2021
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորությամբ։
 
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և բազմաշերտ համագործակցությունը։
 
Սեյեդ Մեհդի Ֆարշադան իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ դարավոր բարեկամության և համագործակցության կարևորությունը, նշել, որ հատկապես տնտեսական առումով դեռ հսկայական աշխատանք կա անելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները, որի համար տրանզիտ ճանապարհները մեծ դերակատարություն ունեն։ Սեյեդ Մեհդի Ֆարշադան նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են որպես բարեկամ հարևան երկիր, որը կարող է Իրանը կապել ԵԱՏՄ շուկային։
 
Նախարար Սանոսյանը նկատել է, որ ճանապարհների ապաշրջափակումով տարածաշրջանում զարգացման նոր հնարավորություններ կարող են բացվել։
 
Նախարարը խոսել է Սյունիքում այլընտրանքային ճանապարհից։ Տեղեկացրել, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, որի կառուցմամբ նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ինչպես նաև դրանով կլուծվի ներկայումս առկա այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։
 
Իրանական կողմը բարձրացրել է իրանցի բեռնատարներից գանձվող ֆիքսված գումարի հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը փոխարինել կիլոմետրի դիմաց վճարի, որով կլուծվի բարձրացված հարցը։
 
Նախարարը կարևորել է նաև էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում Իրանի հետ համագործակցությունը, ճանապարհների ապաշրջափակման դեպքում՝ դեպի Երասխ-Նախիջևան-Իրան երկաթգծի գործարկումը։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։