Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն ընդունել է «Վայլդբերիզ» ընկերության գլխավոր տնօրենին

Վարչապետն ընդունել է «Վայլդբերիզ» ընկերության գլխավոր տնօրենին
Պաշտոնական
15:08, 27 декабрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

Ողջունելով «Վայլդբերիզ»-ի գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:

Տատյանա Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում «Վայլդբերիզի» միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛ Հայաստանից կատարվող էլեկտրոնային առևտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ հաջորդ տարի «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացման և էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է «Վայլդբերիզ» ընկերության զարգացման ծրագրերը և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը: