Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

Նախագահը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
Պաշտոնական
13:06, 12 март 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին հայ-էմիրաթական փոխհարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ, որտեղ մեծ է Ձեր դերակատարությունը: Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմարդյունաբերությունը, սննդի անվտանգությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան:

Մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը և առաջնորդությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության գործում: Հատուկ կարևորում եմ մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:

Հատկապես ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու մտերմիկ զրույցները, որոնք ավելի են ամրապնդում փոխադարձ վստահությունն ու առավել խորացնում մեր ժողովուրդների բարեկամությունն ու միջպետական համագործակ­ցությունը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Հայաստանում»: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: