Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը
Պաշտոնական
18:22, 06 январь 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և այն կարգավորելու համար ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Նշենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։