Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի և Արագածոտնի մարզպետներն ազատվեցին աշխատանքից. Ռազմիկ Թևոնյանին կփոխարինի Սեդրակ Թևոնյանը, Ռազմիկ Պետրոսյանին՝ Սերգեյ Մովսիսյանը

Այսօր՝ հունվարի 13-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում աշխատանքից ազատել են ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին և Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին:
 
Վարչապետը նրանց շնորհակալություն հայտնեց մարզպետի պաշտոնում իրենց կատարած աշխատանքի համար:

Այժմ քննարկվում է Սերգեյ Մովսիսյանին ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին հարցը: Վերջինս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր մինչ նախորդ շաբաթ, եղել է նաև ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: «Անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր և Արագածոտնի մարզի ժողովրդի սպասելիքները»,- իր շնորհակալական խոսքում ասաց նորանշանակ մարզպետը:

ՀՀ Արարատի մարզպետ նշանակվեց Սեդրակ  Թևոնյանը: «Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում վստահության համար և համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»,- իր շնորհակալական խոսքում նշեց Արարատի նորանշանակ մարզպետը: