Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահականից հերքում են Կարմիր շուկայի մասին լուրերը

Արցախի նախագահականից հերքում են Կարմիր շուկայի մասին լուրերը
Պաշտոնական
18:16, 13 март 2021
Արցախի Կարմիր շուկա համայնքից Արցախի ՊԲ–ի զորքերը դուրս հանելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել  է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ շաբաթ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, հանդիպել բնակիչների հետ ու տեղում քննարկել նրանց առօրյա խնդիրները։

Նշենք, որ համացանցում այսօր դարձյալ լուրեր էին տարածվել, որ Արցախի նախագահը, գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր շուկայից։

Այս հատվածը կարևոր է նրանով, որ ապահովում է կապը Շուշիի հետ։ 44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր շուկայով անցնող ճանապարհով հասնում էին Շուշի:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ճանապարհին անցակետեր դրեց, որից հետո հայ զինվորականները ստուգում են այդ ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին:

Եթե ճանապարհը հանձնվի ադրբեջանական ուժերի վերահսկողությանը, կարճ ժամանակ անց Կարմիր շուկան կհայաթափվի ու նույնպես կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ Կարմիր շուկայի ճանապարհը հանձնելու լուրերն առաջին անգամ չէ, որ տարածվում են։

Մեկ ամիս առաջ` փետրվարի 7-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ էր անդրադարձել այդ հարցին։

«Մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին»,– Facebook–ի իր էջում գրել էր Հարությունյանը։

Նա նաև պահանջել էր հրաժարվել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց։