Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոնա Ղազարյանի առցանց ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հունվարի 24-28-ն առցանց ձեւաչափով մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին եւ ելույթ է ունեցել: Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Դուստրս ծնվել է անցյալ տարի` համաշխարհային համաճարակի եւ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ: Եթե անկեղծ լինեմ, ես երբեք չէի հավատա, որ այս իրավիճակում կարող էի հայտնվել: Աղջիկս արդեն մեկ տարեկան է: Արդեն մեկ տարի է, ինչ ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ հայտարարությունը, բայց մեր հայ եղբայրները որպես ռազմագերիներ անօրինական ձեւով դեռեւս պահվում են Ադրբեջանում:

Մեկ տարի է, բայց իրավիճակը հեռու է նորմալ լինելուց: Եւս մեկ անգամ պետք է մեջբերեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձեւը: Հարգելի՛ գործընկերներ, մեր ընդունած բանաձեւի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետեւանքները», որում զեկուցողը հստակ նշում է գերության մեջ գտնվող 31 անձանց գործերի մասին: Զեկուցողին ցուցադրվել են տեսանյութեր, լուսանկարներ եւ տեղեկություններ նրանց ձերբակալման վայրի եւ հանգամանքների ու նրանց ինքնության վերաբերյալ: Բռնի անհետացման 31 դեպք: Եղբայրներիս ապօրինի պահելու 31 դեպք: Այս տեղեկությունը հասանելի է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Ես իսկապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, անում է հնարավորը մարդու իրավունքների համար եւ շարունակաբար կաշխատի իմ եղբայրներին Հայաստան վերադարձնելու համար:

Ռազմագերիներն առեւտրի առարկա չեն, ինչպես ոմանք խորհուրդ կտան պարոն Ալիեւին: Եղբայրներս մարդիկ են, որոնց իրավունքները տեւական ժամանակ է ոտնահարվում են»: