Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարը՝ հարավային ուղղության զորամասերում

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել  հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող  շինարարական աշխատանքների ընթացքին:  Պաշտպանական գերատեսչության  ղեկավարն  առանձնահատուկ  ուշադրություն է դարձրել  զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման  խնդիրներին:  

Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների  հետ,  առողջություն և շուտափույթ  ապաքինում մաղթել: