Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանն ընտրվեցին Երևանի փոխքաղաքապետեր

Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանն ընտրվեցին Երևանի փոխքաղաքապետեր
Պաշտոնական
13:47, 08 февраль 2022
Երևանի ավագանու հերթական նիստում քննարկվեց փոխքաղաքապետերի թեկնածության հարցը։ Թեկնածուներից մեկը Գևորգ Սիմոնյանն էր։ Սիմոնյանը կոորդինացնելու է առողջապահության և սպորտի ոլորտը։ Սիմոնյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Մինչև 2018 թվականը Սիմոնյանը աշխատել է մասնավոր ոլորտում։ 2018 թվականից եղել է նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական։ 2019-2020 թվականներին եղել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը, ապա եղել է առողջապահության նախարարի տեղակալ։ 

Թեհմինա Վարդանյանը նկատեց, որ փոխքաղաքապետերի թեկնածուները չեն հանդիպել ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Քաղաքապետը նշեց, որ, հավանաբար, դա իրենց կազմակերպչական բացթողումն է։

Գևորգ Սիմոնյանը 51 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայնով ընտրվեց քաղաքապետի տեղակալ։

Սուրեն Գրիգորյանն էլ համակարգելու է իրավական, առևտրի, գովազդի ոլորտները։ Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Գրիգորյանը հայ-ռուսական համալսարանի սան է, ասպիրանտ։ 2014-2019 թվականներին աշխատել է մասնավոր ոլորտում, որպես իրավաբան, 2019-2021 թվականներին եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապա՝ Արդարադատության նախարարի տեղակալ։

Սուրեն Գրիգորյանը 50 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայնով ընտրվեց քաղաքապետի տեղակալ։

Քաղաքապետի տեղակալի երրորդ թեկնածուն Ստեփան Մաչյանն էր։ Մաչյանը կոորդինացնելու է քաղաքաշինական բլոկը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Մաչյանի հետ ինքը աշխատել է բանկային ոլորտում։ Ստեփան Մաչյանը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, տնտեսագետ է, մագիստր։ Աշխատել է ֆինանսական ոլորտում։ 2018-ից աշխատանքի է անցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խորհրդական, ապա՝  նախարարության գլխավոր քարտուղար։

Դրանից հետո նշանակվել է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գլխավոր տնօրեն։

Ստեփան Մաչյանն էլ փոխքաղաքապետ ընտրվեց 52 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայնով։