Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին
Պաշտոնական
16:49, 04 март 2022
Մարտի 4-ին  Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը:

Հայաստանի օմբուդսմենին նախ ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Նա շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 հայկական հանրապետությունների միջև փոխգործակցության հետ կապված հարցեր: Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ շուրջօրյա կապի մեջ է  Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ու հավաստիացրել է, որ դիտարկումների, խախտումների արձանագրման, միջազգային ատյաններում արցախցիների  իրավունքների պաշտպանության հարցում էլ ավելի են սերտացնելու կապերը:

Հանդիպմանը ներկա Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է գործող  ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորել են պատերազմի ընթացքում արցախյան փորձը ու ՄԻՊ գրասենյակի ակտիվացման անհրաժեշտությունը ետպատերազմյան իրողություններում:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների ու գլխադասային հանձնաժողովների նախագահների  մասնակցությամբ:

Խորհրդարանականներն ընդգծել են այն հանգամանքը, որ Հայաստանի նոր օմբուդսմենն իր առաջին այցը կատարել է հենց Արցախ: Նրանք բարձրացրել են մարդու իրավունքներին առնչվող հրատապ հարցեր: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարտակերտի շրջանում տարածքային ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության մասին է խոսել: Քրիստինե Գրիգորյանն էլ Արցախում  համատեղ համաժողով հրավիրելու մտադրության մասին է բարձրաձայնել:

Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Հայաստանի ՄԻՊ գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են իրենց փորձն ու կարևոր այս ճակատում Արցախի իրենց գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: