Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ նախագահությունից մեկնաբանել են Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման լուրերը

ԵԱՀԿ նախագահությունից մեկնաբանել են Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման լուրերը
Պաշտոնական
11:45, 14 март 2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը:

 Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին , ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ:

«ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատմական և մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը համարում է մեր համատեղ պարտավորությունը», - «Արմենպրես»-ին հաղորդել են ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակից՝ հիշեցնելով, որ դեռևս 1991 թ. հունիսին՝ մշակութային ժառանգությանը նվիրված Կրակովի միջազգային գիտաժողովին (սիմպոզիումին), այն ժամանակ ԵԱՀԽ մասնակից պետությունները խոստացել էին «համապատասխան միջազգային համաձայնագրերին համահունչ ջանքեր գործադրել մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար», ինչպես նաև պարտավորվել էին սերտորեն համագործակցել կրոնական դավանանքների, հաստատությունների և կազմակերպությունների հետ՝ «մշակութային ժառանգության պահպանման առնչությամբ և պատշաճ ուշադրություն դարձնել կրոնական ծագում ունեցող հուշարձաններին և օբյեկտներին»:

Այս համատեքստում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է կազմակերպության համապատասխան բոլոր կառույցներին, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում:

«Հայկական պատմամշակութային կոթողների պահպանությունը ընդգրկված է եղել [ԵԱՀԿ] Մշտական խորհրդի օրակարգում: Այս լույսի ներքո ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ բոլոր համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և իր համանախագահներին, համապարփակ և տևական խաղաղությանը միտված իրենց ջանքերում: Դա էապես կբարելավի ողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը և կապահովի պատմական և մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը», - նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխան նամակում:

Լեհական նախագահությունից զերծ են մնացել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի որոշումը մեկնաբանելուց: