Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Մաթևոսյանը և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը քննարկել են հարցերի լայն շրջանակ

Փոխվարչապետ Մաթևոսյանը և ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը քննարկել են հարցերի լայն շրջանակ
Պաշտոնական
11:48, 30 март 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես՝ զրույցի ընթացքում բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետքովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների համար կարևորելով վերջիններիս կարիքներին հարմարեցված լուծումների անհրաժեշտություն:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հնարավորությանը թվայնացման, ինչպես նաև ներդրումների աջակցման ուղղություններով:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնավոր հատվածի՝ թվայնացմանը պատրաստ լինելու գնահատման և ճանապարհային քարտեզի մշակման հարցերում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակելու քննարկումները` ներդրումների աջակցման ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակման նպատակով:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության անունից վերահաստատել է Օրակարգ-2030-ի և կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու հանձնառությունը: