Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն
Պաշտոնական
12:58, 10 май 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի Խաղաղության պալատում և այդ այգում կմասնակցի միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն. 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: