Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ զինվորին դիպուկահարի կրակոցով սպանած ադրբեջանական կողմը փորձել է հերքել իրականությունը և Հայաստանին մեղադրել «խաղաղության ջանքերը խաթարելու մեջ»

Հայ զինվորին դիպուկահարի կրակոցով սպանած ադրբեջանական կողմը փորձել է հերքել իրականությունը և Հայաստանին մեղադրել «խաղաղության ջանքերը խաթարելու մեջ»
Պաշտոնական
13:14, 30 май 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն կիրակի արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ՝ հայկական կողմին մեղադրելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացի ջանքերը խաթարելու մեջ:

«Վճռականորեն հերքում ենք Հայաստանի ԱԳՆ 2022թ. մայիսի 28-ի հայտարարությունը՝ իբր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, ինչպես նաև միանգամայն անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Դրանում նաև հղում է կատարվում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որում հերքվել էր «ապատեղեկատվությունը և զրպարտիչ հայտարարությունները իբր Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ»՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

ԱԳՆ-ում նկատել են, որ «մինչ ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական հայտարարություններն ուղղած են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը խաթարելուն»:

«Վերջին օրերին Հայաստանի ԱԳՆ ապակառուցողական մոտեցումը հստակ ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բրյուսելյան հանդիպումները խաթարելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ պաշտոնական Բաքուն կշարունակի «նաև միջազգային հանրության կողմից աջակցություն վայելող իր խաղաղ և կառուցողական ջանքերը և վճռականորեն կկանխի ցանկացած քայլ, որն ուղղված կլինի այդ գործընթացի դեմ»:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մոտ էր հրավիրել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին՝ կապված Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլը որակել էր որպես «Ֆրանսիայի պաշտոնական անձի կողմից ձեռնարկված քայլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ», ինչը «ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և այդ երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնաս է հասցնում ֆրանս-ադրբեջանական հարաբերություններին»: