Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին
Պաշտոնական
18:58, 07 июль 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը: 
 
Վարչապետը ողջունել է պարոն Շամխանիի այցը Հայաստան և կարևորել Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը: «Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ձևավորել: Ուրախ եմ տեսնել, որ մեր մյուս գործընկերների միջև ևս աշխատանքային լավ հարաբերություններ կան, ինչը հարիր է երկու հարևան ու բարեկամ պետություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգային հարցերի համատեքստում պարոն Շամխանիի այցը կլինի արդյունավետ: 
 
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները: Ալի Շամխանին նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկոմ համագործակցության օրակարգային մի շարք հարցերի: 
 
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում: 
 
Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացման հիմքը տնտեսական կապերի ամրապնդումն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալի Շամխանին կարևորել են առևտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը:
 
Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները ևս փոխանցել ինչպես նախագահ Ռայիսիին, այնպես էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին: