Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինդատախազը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան. մի քանի զորակոչիկներ հետ են ուղարկվել կրկնակի հետազոտության

Զինդատախազը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան. մի քանի զորակոչիկներ հետ են ուղարկվել կրկնակի հետազոտության
Պաշտոնական
10:55, 01 апрель 2021
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային հանալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետեւել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին եւ պայմաններին դրանց համապատասխանությանը:

ՊՆ-ից հայտնում են, որ Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Վահե Հարությունյանը կարեւորել է այն հանգամանքը, որ զորակոչիկները վիճակահանության անաչառությամբ խնդիրներ չեն մատնանշել, դժգոհություններ չեն արտահայտել, ինչը եւս վկայում է հատկապես հետպատերազմյան շրջանում իրականացվող առաջին զորակոչի շրջանակներում այս գործընթացի պատշաճ եւ հանրային բավարար վստահության ներքո անցկացվելու մասին՝ վստահեցնելով, որ այն գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ակնդետ ուշադրության կենտրոնում:

Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաեւ հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, ծանոթացել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատներին: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար նա հանձնարարել է վերջիններիս ենթարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության: Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչի կապակցությամբ տրվել է հանձնարարական՝ տվյալ զորակոչիկների անձնական գործերն ուսումնասիրության նպատակով ուղարկել ՀՀ զինվորական դատախազություն: Ելնելով իրեն ներկայացված առաջարկությունների, գանգատների ու մտահոգությունների բնույթից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային հանալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացը եւ կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ ցուցումներ:

Այցի վերջում Վ.Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին՝ բարձր գնահատելով հատկապես պատերազմից հետո հայրենիքի պաշտպանության իրենց քաղաքացիական պարտքին հավատարիմ լինելու, պատերազմի բովով անցած եւ անձնուրացության ու նվիրվածության մարմնացում իրենց ավագ ընկերների ոգին կրելու համար: Զինվորական դատախազը վստահեցրել է, որ պետությունը եւ ՀՀ զինվորական դատախազությունն ամեն ինչ անելու են ծառայության կրման ողջ ընթացքում նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու, աջակցելու եւ զորավիգ լինելու համար: