Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում. ՊՆ

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում. ՊՆ
Պաշտոնական
17:01, 14 июль 2022
Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում, «Ազատությանը» հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Երեկ թուրքական որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Կարսի մարզում հայ-թուրքական սահմանի հարակից տարածքներում Թուրքիան սկսել է ականզերծման աշխատանքներ։ Ըստ տեղական «GazeteKars» պարբերականի՝ սա գործնական քայլ է հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացում։

Օրեր առաջ՝ հուլիսի 1-ին, հայ և թուրք բանագնացների Վիեննայում տեղի ունեցած հերթական հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնել ուղիղ օդային բեռնափոխադրումներ։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ սպասում է այս պայմանավորվածությունների օր առաջ իրականացմանը։

Մինչ այդ բիզնեսում ներգրավված մարդիկ քննարկում են՝ ինչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների հնարավորությունը։

«Յուրաքանչյուր նորություն ռիսկ է և հնարավորություն։ Եթե դու ներմուծելու ես հումք, սարքավորումներ, նյութեր Հայաստանի արտադրությունն ուժեղացնելու համար, դա դրական է, եթե դու ներմուծելու ես պատրաստի՝ արդեն փաթեթավորված, որի վրա ոչ մի բան էլ չկա անելու, արտադրանք ավելի էժան, այսօրվա հատկապես դրամ-դոլար հարաբերություններով դա էլ ավելի վնասելու է հայկական արտադրությանը», - «Ազատությանն» ասաց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմանդիր Էմիլ Ստեփանյանը։
Վերջինս հույս է հայտնում, որ տնտեսական հարաբերությունների հաստատման պարագայում Հայաստանի իշխանությունները զգոն կլինեն պաշտպանելու տեղական արտադրողների շահերը՝ իրականացնելով ճիշտ հարկային ու մաքսային քաղաքականություն։ Մինչ այդ, բիզնեսով զբաղվողները նկատում են՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև առևտուրը նորություն չէ, Վրաստանի տարածքով էլ բեռնափոխադրումը ընդհանուր սահման ունեցող Հայաստանի ու Թուրքիայի միջև ոչ առանձնապես թանկ է, ոչ էլ ժամանակատար։

«Այսպես թե այնպես 30 տարվա մեջ երրորդ երկրով մենք շփվել ենք, այսինքն՝ այստեղ մեզ մոտ նոր վտանգ չկա, մի բան չկա, որ չկար՝ հիմա լինելու է, միշտ էլ եղել է շփումը Հայաստանի և Թուրքիայի բիզնեսների միջև ուղղակի երրորդ երկրով։ Հիմա ավելի ճիշտ է, որ լինի ուղիղ իր բոլոր ռիսկերով և հնարավորություններով», - նշեց Էմիլ Ստեփանյանը։

Այնուամենայնիվ, մասնագետները նկատում են, որ օդային բեռնափոխադրումը թանկարժեք ծառայություն է, բիզնեսը շարունակելու է նախընտրել ապրանք փոխադրել մի երկրից մյուսը բեռնատարներով՝ օգտվելով Վրաստանի ցամաքային ճանապարհներից։