Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են. Վարչապետն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը

Հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են. Վարչապետն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի  պատվիրակությանը
Պաշտոնական
17:51, 14 июль 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն ընդգծել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման փաստը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած պաշտոնական փոխայցերը և ակտիվ շփումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը Գերմանիայի երկրամասերի հետ, որը լրացնում և հարստացնում է միջպետական գործընկերությունը:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահը ևս արձանագրել է երկկողմ կապերի բարձր մակարդակը և վերահաստատել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հենց այդ նպատակով է իր գլխավորած պատվիրակությունն այցելել Հայաստան, որի հետ բարեկամությունն ու փոխշահավետ գործընկերությունը 10-ամյա պատմություն ունի:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ինչպես գիտական, կրթական, մշակութային, տեխնոլոգիական, այնպես էլ սննդի վերամշակման, ջրային ռեսուրսների և կոշտ թափոնների կառավարման, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Վարչապետը կարևորել է առաջիկայում նախատեսվող՝ Արմավիրի մարզի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և առաջարկել դիտարկել գործարար շրջանակների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունը, ինչը թույլ կտա փոխանակվել փորձով ու զարգացման տեսլականով: Գուննար Շելլենբերգերը ողջունել է գաղափարը և նշել, որ հայկական կողմի առաջարկները կներկայացվեն շահագրգիռշրջանակներին:
 
Հումանիտար կապերի ամրապնդման համատեքստում անդրադարձ է եղել 2022թ. նոյեմբերի 17-ինԼանդթագում նախատեսվող  «Հայաստանի օր» միջոցառմանը: Այն, Գուննար Շելլենբերգերի խոսքով, իր բնույթով առաջինն է, և Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ և ժողովրդավարական երկիր: Լանդթագի նախագահը կարևորել է նաև երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գործունեությունը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում Հայաստանի, հայկական մշակույթի ճանաչելիության և հայագիտության զարգացման գործում շարունակական ջանքերի համար և ընդգծել, որ ժողովրդավարական արժեքները երկու երկրների փոխհարաբերությունների կարևորագույն հենասյուներից են: