Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասում ենք Երևանի պատասխանին՝ կապված ՀՀ ԱԳՆ-ին հղված բողոքի նոտայի հետ. ՌԴ ԱԳՆ

Սպասում ենք Երևանի պատասխանին՝ կապված ՀՀ ԱԳՆ-ին հղված բողոքի նոտայի հետ. ՌԴ ԱԳՆ
Պաշտոնական
18:00, 18 август 2022
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ այսօր կայացել է Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հանդիպումը արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության հետ։

Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի արտգործնախարարությանը հղված բողոքի նոտայի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը։
«Մենք պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ համապատասխան նոտայի ուղարկումը, համապատասխան հայտարարություն է արվել Երևանում Ռուսաստանի դեսպանության կողմից, որպես զարգացում (թեմայի) կայացել է ՌԴ գործերի մեր ժամանակավոր հավատարմատարի կառուցողական զրույցը Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ: Սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում ՌԴ դեսպանությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ «Ռուսաստանի հասցեին կեղծ մեղադրանքներով տեղական տեղեկատվական տարածք հակառուսական արտանետումների» պատճառով: «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում արծարծվող ցինիկ արտանետումներից, որոնք սրբապիղծ ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մասնակից լինելու վերաբերյալ»,- ասված էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ: