Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 15-ից կմեկնարկի պահեստազորի եռամսյա հավաքների նոր փուլ․ կներգրավվեն նաև ԱԹՍ մասնագետները

Սեպտեմբերի 15-ից կմեկնարկի պահեստազորի եռամսյա հավաքների նոր փուլ․ կներգրավվեն նաև ԱԹՍ մասնագետները
Պաշտոնական
13:10, 24 август 2022
2022թ․ սեպտեմբերի 15-ից կմեկնարկեն պահեստազորայինների հերթական եռամսյա վարժական հավաքները։ Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվող հավաքներին կմասնակցի 318 քաղաքացու, որոնցից 210-ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 10-ը ավագ ենթասպայական կազմից, 98-ը` սպայական կազմից։

Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի նոյեմբերի 14-23-ը։ Կապի մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն 71 պահեստազորայիններ, որոնցից 66-ը հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։

Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով՝ մինչև 17 պահեստազորային հոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը։

Թիկունքային մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն մինչև 44 պահեստազորային հոկտեմբերի 1-7-ը, իսկ տեղագրական մասնագիտություններով՝ մինչև 14 պահեստազորային նոյեմբերի 21-30-ը ներառյալ:

Վարժական հավաքներին ներգրավվելու են նաև մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորայիններ, որոնցից 9-ը սեպտեմբերի 22-28-ը, 18-ը հոկտեմբերի 1-7-ը, 34-ը նոյեմբերի 8-17-ը, 18-ը նոյեմբերի 15 - 24-ը։

Ինչպես նշված է հիմնավորման մեջ, այս անգամ վարժանքներին կմասնակցեն նաև անօդաչու թռչող սարքերի մասնագիտություն ունեցող պահեստազորայինները՝ թվով 40 հոգի՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 7-ը։

Վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությունը, ըստ նախագիծը հեղինակած պաշտպանության նախարարության, պայմանավորված է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ: