Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թվականին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 1226 հանցագործության դեպք․ ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դրական եզրակացություն ստացավ «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը։ 

Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ համաձայնագրում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցությունը։

«Մասնավորապես համաձայնագրում լրացվում են օգտագործվող հսակացությունների սահմանումները, ինչպես նաև նախատեսվում են ԱՊՀ մասնակից պետությունների միջև թմրամիջոցների հոգեներգործող նյութերի դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության առավել մանրամասն կարգավորումներ, պետությունների միջև տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված դրույթներ։ Բացի այդ փոփոխությունների արդունքում նախատեսվում են իրավական հիմքեր համատեղել օպերատիվ հետախուզական և այլ միջոցառումների անցկացման նպատակով համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու և օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման շրջանակն ընդլայնելու վերաբերյալ։ Արձանագրության մեջ առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորությունների առաջացման»,-ասաց փոխոստիկանապետը։ 

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղելով հիմնական զեկուցողին՝ ցանկացավ իմանալ, թե  կա՞ն այս համագործակցության արդյունքում բացահայտման արտառոց դեպքեր, որ մեր պետութունը պայքարի ընթացքի մեջ ապացուցել է, որ ինքը իսկապես արժանի գործընկեր է այս համագործակցության մեջ և քանի՞ այդպիսի դեպք կա։ 

Ներկայացնելով վիճակագրությունը՝ կապված ՀՀ-ում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, Արա Ֆիդանյանն ասաց, որ 2020 թվականին հայտնաբերումների թիվը շատ ավելին է։

 «2020 թվականին հայտնաբերվել է 1226 հանցագործության դեպք, 2019 թվականին 1088-ի դիմաց։ ԱՊՀ շրջանակում համագործակցություն  ունենք  հատկապես ՌԴ-ի և Բելառուսի հետ, սակայն, գտնվելով բուն ԱՊՀ երկրներից մի փոքր առանձնացված, հիմնական խնդիրները ծագում են այլ երկրների հետ, դիցուկ՝ մեր հարևան Իրանի հետ»,-ասաց Արա Ֆիդանյանը։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ցանկացավ իմանալ, թե  սահմանային խնդիրն  չունե՞նք,
«Նշեցիք, որ հարևան պետությունների հետ են, բայց սահմանները տոտոլ փակ չեն և այնպիսի սեգմենտներ կան, որ կարող են ներթափանցել։  Այստեղ մենք անելիք ունե՞նք, թե՞ չունենք»,-հարցրեց Անդրանիկ Քոչարյանը։

Ի պատասխան Արա Ֆիդանյանն ասաց, որ միանշանակ բոլոր միջոցները պետք  է ձեռնարկեն այդ առումով ևս, որովհետև արդեն կատարելագործվել են նաև առաքումների մեխանիզմները։

«Այսօր բոլորիս քաջ հայտնի են, որ լայն տարածում են գտել համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը և դրանց բացահայտումը միանշանակ իրենից հենց օպերատիվ հետախուզական գործունեության արդյունք է հանդիսանում»,-ասաց Արա Ֆիդանյանը։