Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին
Պաշտոնական
15:35, 10 октябрь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։

«Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը ոչ միայն Վարդենիս կատարած այցին, այլև առհասարակ՝ գնահատում ենք Ձեր ակտիվ գործունեությունը Հայաստանում և ձեր հասցեական գնահատականները»,- ասել է նախարարը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև օդային կանոնավոր չվերթերի անհրաժեշտությունը, որը կնպաստի նաև այլ ոլորտների զարգացմանը։ 

Մասանորի Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին Գեղարքունիքի մարզ շրջայց կազմակերպելու համար, ինչը իրենց հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, որոնք իրենք պատրաստվում են ներկայացնել իրենց կառավարությանը։

Դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական լավ հարաբերություններ, բայցև առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ՝ բիզնեսի, առևտրի ոլորտում, որը պետք է անպայման իրացնել։

«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է։ Հայաստանը շատ ժողովրդավար երկիր է։ Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է շարունակել տարբեր տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Ես որպես Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան կուզենայի իմ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի ավելի զարգացնեմ մեր երկու երկրների հարաբերությունները»,- ընդգծել է դեսպանը։ 

Երկուստեք կարևորվել է Հայաստանի մարզերի և Ճապոնիայի պրեֆեկտուրաների միջև համագործակցությունը։