Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ առաքելությունը չունի ԵԱՀԿ մանդատ». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանում ԵԱՀԿ առաքելության մասին

«Այդ առաքելությունը չունի ԵԱՀԿ մանդատ». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանում ԵԱՀԿ առաքելության մասին
Պաշտոնական
17:25, 20 октябрь 2022
Ցանկացած խումբ՝ «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» անվանումով, չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կերպ կապված լինել այդ կազմակերպության հետ, և դրա արդյունքներից կամ հաշվետվություններից ոչ մեկը չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով կազմակերպության հայտարարությունը հոկտեմբերի 21-27-ը
սահմանամերձ մի շարք շրջաններում տիրող իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան փորձագետների թիմ ուղարկելու մասին։

«Հայաստանի այդ միակողմանի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մի քանի անդամ պետություններից խմբի անձնական այց, և նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխան կերպով»,- նշել են ԱԳՆ-ում։ 

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ քարտուղարության կողմից «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն» կոչվող խմբի ուղարկմանը Հայաստան, ապա պետք է նշել, որ դրա ուղարկման հարցը երբեք չի քննարկվել հավաքական որոշում կայացնող ԵԱՀԿ որևէ մարմնում, և հետևաբար ոչ մի որոշում չի կայացվել: Այսպիսով, «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կերպ կապվել ԵԱՀԿ-ի հետ, և դրա արդյունքներից կամ հաշվետվություններից ոչ մեկը չի ընդունվի որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-ից 27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան: Այցի նպատակն է անվտանգության համակարգային հայեցակարգի շրջանակներում ԵԱՀԿ փորձի և մանդատի հիման վրա գնահատել իրավիճակը հայ֊ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում:

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից և միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի տեղական և ազգային համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև տեղում խորհրդակցություններ կանցկացվեն միջազգային գործընկերների հետ: