Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ
Պաշտոնական
17:29, 03 ноябрь 2022
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամներ, ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյին և Լարս Պատրիկ Բերգին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։

Քննակվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարները։

Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում:

Նշելով, որ Հայաստանի հետ բարեկամության հիմքում ընկած է ընդհանուր արժեքային համակարգը` ԵԽ պատգամավորները վերահաստատել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու պատրաստակամությունը: