Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հադրութում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հադրութում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Պաշտոնական
15:00, 04 ноябрь 2022
44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութին հարակից Խուռհատ սարում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն օրերս հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Civic.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Խոսքը վերաբերում է պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութությանը։

Ըստ Infocom.am-ի, զինծառայողների ծնողների այս հաղորդման հիմք են հանդիսացել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի պետ, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատարանում ի հայտ եկած հանգամանքները։

Վահանյանը, հիշեցնենք, հանդիսանալով հիշյալ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետ, ըստ մեղադրանքի, 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը օգտագործել է որպես պատրվակ, վերցրել վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Նրա հեռանալուց հետո անձնակազմը տեղում գտնվող մի քանի սպաների հետ միասին անկանոն նահանջ է իրականացրել։

Դատական գործի շրջանակում քննության առարկա են դարձել ոչ միայն Վահանյանի այս գործողությունները, այլ նաեւ այդ նահանջի մանրամասները։

Մասնավորապես, հարցաքննության ժամանակ սպա Հայկազ Գրիգորյանը պատմել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի․ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանել է, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն այդ ժամանակ հայտարարել է, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, որից հետո իրավահաջորդների անունից հաղորդում է ներկայացվել։