Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերի հոսքը դեպի հայրենիք գրեթե կրկնապատկվել է․ հունվար-սեպտեմբերին ՀՀ քաղաքացիություն ունեցող 210 հազար 118 զբոսաշրջիկ է այցելել հայրենիք՝ նախորդ տարվա 127 հազար 727-ի դիմաց․ ԱՎԿ

Հայերի հոսքը դեպի հայրենիք գրեթե կրկնապատկվել է․ հունվար-սեպտեմբերին ՀՀ քաղաքացիություն ունեցող 210 հազար 118 զբոսաշրջիկ է այցելել հայրենիք՝ նախորդ տարվա 127 հազար 727-ի դիմաց․ ԱՎԿ
Պաշտոնական
12:21, 08 ноябрь 2022
Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել  2021-2022թթ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2022թ․ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստան է այցելել 1 մլն  239 հազար 394 զբոսաշրջիկ՝ 2․0 անգամ ավել նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում, ինչպես Civic.am-ը պարզեց ԱՎԿ-ի տեղեկանքից, ՀՀ է այցելել 615 հազար 239 զբոսաշրջիկ։ Մասնավորապես ՌԴ քաղաքացիություն ունեցող 570 հազար 844 զբոսաշրջիկ է այցելել հաշվետու ժամանակաշրջանում՝ 2.4 անգամ ավել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարի մեր երկիր այցելել էր ՌԴ քաղաքացիություն ունեցող 239 հազար 240 զբոսաշրջիկ։

Հատկանշական է, որ աճել է նաեւ Հայաստան այցելած ՀՀ քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկների թվաքանակը։ Մասնավրապես ՀՀ քաղաքացիություն ունեցող 210 հազար 118 զբոսաշրջիկ է այցելել հայրենիք՝ նախորդ տարվա 127 հազար 727 զբոսաշրջիկի դիմաց։

Հարեւան Վրաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան նույնպես նախորդ տարվա նկատմամբ աճել է 2.8 անգամ՝ 115 հազար 539 զբոսաշրջիկ 2022-ին՝ 2021թ․-ի 41 հազար 886 զբսաշրջիկի դիմաց։ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող 41 հազար 568 անձ է այս տարի այցելել մեր երկիր՝ նախորդ տարվա 24 հազար 628 զբոսաշրջիկի դիմաց, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն ունեցող 90 հազար 734 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 69 հազար 170 զբոսաշրջիկի դիմաց։ Թուրքիայի Հանրապեության քաղաքացիություն ունեցող քաղաքացիների հոսքը մեր երկիր հաշվետու ժամանակաշրջանում նույնպես ավելացել է 2․9 անգամ․ այս տարի այդ թիվը կազմել է 6 հազար 300՝ նախորդ տարվա 2  հազար 165-ի դիմաց։ Նվազել է մասնավորապես Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկների թվաքանակը այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ կազմելով 12 հազար 967 մարդ՝ նախորդ տարվա 15 հազար 669 զբոաշրջիկի դիմաց։ Ընդհանուր առմամբ մեր երկիր այցելած գրեթե բոլոր երկրների քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկների թիվն ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Մասնավորապես Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Միացյալ Թագավորությունից, Չեխիայից, Չինաստանից։ Մասնավորապես Չինաստանից այս տարի 3 հազար 745 զբսաշրջիկ է այցելել՝ 9․9 անգամ ավել 2021թ. հունվար-սեպտեմբերին այցելած զբոսաշրջիկների թվաքանակի (378 մարդ) նկատմամբ։ 

Այս տարի աճել է նաեւ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը։ Մասնավորապես 802 հազար 224 մարդ է մեկնել հունվար- սեպտեմբերին՝ նախորդ տարվա 297 հազար 373 զբոսաշրջիկի դիմաց։ Ուշագրավ է ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների բաշխվածությունն ըստ սեռատարիքային կազմի։ Ըստ այդմ՝ ՀՀ-ից մեկնել է ընդամենը 477 577 տղամարդ, 324 647 կին։ Մասնավորապես 16-17 տարեկան 7 հազար 598 տղամարդ է մեկնել, 5985 կին։ 18-25 տարեկան տարիքային կազմից՝ 42 հազար 304 տղամարդ, 33 հազար 465 կին, 26-35 տարեկան տարիքային կազմից՝ 121 հազար 437 տղամադ, 64 հազար 579 կին, 64 եւ ավելի տարիքի 25 հազար 615 տղամարդ, 28 հազար 743 կին։ 

ԱՎԿ-ի հրապարակած տեղեկատվության սկզբնաղբյուրը, նշենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական շտեմարանն է: 

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Ելենա Ազատյան