Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս

Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս
Պաշտոնական
02:44, 19 ноябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով 
ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
 
Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը:
 
Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:
 
Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:
 
Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:
 
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է: