Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն հերքում է, թե Լաչինի միջանցքի արգելափակումը Արցախում հումանիտար ճգնաժամի է հանգեցրել

Բաքուն հերքում է, թե Լաչինի միջանցքի արգելափակումը Արցախում հումանիտար ճգնաժամի է հանգեցրել
Պաշտոնական
18:33, 15 декабрь 2022
Ադրբեջանի էկոակտիվիստների պահանջներին պատասխան դեռ չի տրվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և ռազմական կցորդների հետ հանդիպմանը՝ կապված «Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի հետ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը օտարերկրյա դիվանագետներին ասել է, թե իրականությանը չեն համապատասխանում պնդումները, որոնց համաձայն Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

«Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը առանց պարզաբանելու:

Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Պաշտոնական Բաքուն հայտարարել է՝ «ղարաբաղյան տնտեսական գոտում» գտնվող ոսկու և պղնձա-մոլիբդենային հանքավայրերի «անօրինական շահագործումը պետք է դադարեցվի»։

Հայաստանի վարչապետը, Արցախը հայտարարում են, որ սա հումանիտար ճգնաժամ է: