Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժաննա Անդրեասյանը Չինաստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լաչինում ստեղծված իրավիճակին

Ժաննա Անդրեասյանը Չինաստանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լաչինում ստեղծված իրավիճակին
Պաշտոնական
14:12, 23 декабрь 2022
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
 
Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:
 
Ժաննա Անդրեասյանը մասնավորապես գոհունակությամբ փաստել է, որ միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները բարձրագույն և հետբուհական կրթություն են ստանում Չինաստանի լավագույն բուհերում. 2023-2024 ուսումնական տարվա համար չինական կողմը հատկացրել է 8 կրթաթոշակային տեղ:
 
Երկու երկրների համատեղ ծրագրերի շրջանակում նախարարն ընդգծել է Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր ուղղությունները՝ դպրոցի ներուժն առավել զարգացնելու և այն ռեսուրս կենտրոնի վերածելու առումով: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Չինաստանից գործուղված ուսուցիչների գործունեությունը, որոնց ներկայությունը փոխում է դպրոցի միջավայրը:
 
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Չինաստանի դասական գրական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման ծրագրին՝ շեշտելով, որ դրա շրջանակում իրականացված աշխատանքները բավական մեծ առաջընթաց ունեն: Նրա խոսքով՝ համապատասխան մասնագիտական խորհրդի և չինական կողմի առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում հստակեցվել են 2023 թ. 5 գրքերի թարգմանությանն ուղղված քայլերը: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունն անելու է հնարավորը՝ ծրագրի բարեհաջող իրականացման համար:
 
Նախարարն առաջարկել է զարգացնել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության սպորտային մարզահամալիր կառուցելու հնարավորությունը, որը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ համատեղ մարզումների, մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման և սպորտային ծրագրերի իրականացման համար: ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ առկա է մեծ ներուժ՝ մշակույթի և ստեղծագործական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:
 
Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմն ավելի քանի 10 օր է՝ փակել է Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը, որի արդյունքում շուրջ 120 հազար մարդ, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհի հետ կապից:
 
«Սա այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, անվանել հնարավոր չէ: Դրա հետևանքով արձանագրվել է կրթության իրավունքի խախտում. ուսումնական գործընթացը դադարեցվել էր: Բացի դրանից՝ Հայաստանում են գտնվում շուրջ 270 արցախցի երեխաներ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ և բնակության վայր: Նախօրեին Գորիսում հանդիպել եմ այդ երեխաներին, և բոլորիս խնդիրը պետք է լինի օր առաջ ապահովել նրանց հիմնարար իրավունքի իրացումը: Կարծում եմ, որ տվյալ իրավիճակի հասցեական ու հստակ դատապարտումը և միջազգային արձագանքը կարող են էապես նպաստել խնդրի արագ կարգավորմանը: Հույս ունեմ, որ այս պարագայում ևս կլինի համարժեք արձագանք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
 
Նախարարը ևս մեկ անգամ գոհունակություն է հայտնել հայ-չինական փոխգործակցության որակից ու մակարդակից և վստահեցրել, որ առաջիկայում կարվի ամենայն հնարավորը՝ այն ավելի խորացնելու և զարգացնելու նպատակով:
 
Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Ֆան Յոնգը հավաստիացրել է, որ չինական կողմը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ԿԳՄՍ ոլորտներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի համակարգի զարգացմանը: Նա փաստել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ՝ չնայած համաճարակը որոշ չափով դանդաղեցրել էր գործընթացը: Դեսպանը կարևորել է նախարարի ներկայացրած բոլոր ծրագրերը՝ վստահեցնելով, որ կհամագործակցեն դրանց ուղղությամբ:
 
Դեսպանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում չինական կողմը պատրաստ է հետագայում ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը ինչպես միջպետական համաձայնագրի, այնպես էլ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության շրջանակում:
 
Դեսպանը նաև փաստել է, որ իրավամբ խախտվել է արցախցի երեխաների կրթության իրավունքը և հույս հայտնել, որ խնդիրն օրն առաջ կլուծվի:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: