Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳՆ-ի հետ հեռախոսազրույցում ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` ԼՂ 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳՆ-ի հետ հեռախոսազրույցում ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` ԼՂ 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով
Պաշտոնական
18:10, 11 январь 2023
Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարն նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանոմ են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում:

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները: