Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետին զեկուցվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2022թ. կատարողականի մասին

Վարչապետին զեկուցվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2022թ. կատարողականի մասին
Պաշտոնական
16:34, 10 март 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար անձինք:

Վարչապետին ներկայացվել են 2022թ. Կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառիպետական կարգավորման  աշխատանքները՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներիանվտանգության ապահովմանը, իոնացնող  ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Նշվել է, որ միջուկային տեղակայանքների նկատմամբ վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Իրականացվել են ստուգայցեր, վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգային համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման նախագծային փաստաթղթերը, կազմվել են եզրակացություններ: ՀԱԷԿ ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով շարունակվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքը, որի առաքելությունը 2022թ. մարտին այցելել էր Հայաստան: Առաջիկա ծրագրերի համատեքստում մանրամասներ են ներկայացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման, ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ծրագրի մշակման վերաբերյալ և այլն:

Զեկուցվել է, որ Կոմիտեն շարունակաբար իրականացնում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում և լիցենզավորում: 2022թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարմանուսումնասիրություններ, ըստ անհրաժեշտության՝ կատարվել է  ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն: Ներկայացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի շրջանակում տարվող աշխատանքը, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով: Նշվել է, որ առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում են գիտահետազոտական ոլորտում արագացուցչի կիրարկման, միջուկային բժշկության զարգացման, կադրերի վերապատրաստման և այլ ծրագրեր:

Նշվել է, որ աշխատանք է տարվում «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի լավարկման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության մասին:

Հաշվետվությամբ ներկայացված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքների շուրջ:

Վարչապետն անդրադարձել է այս ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդրի կարևորությանը՝ նշելով, որ պետք է կոնսոլիդացնել ոլորտային կրթությանն ուղղվող ռեսուրսները և որակյալ համակարգ ձևավորել:

Կառավարության ղեկավարը կարևորել է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում նախանշված՝ ՀՀ առաջնահերթությունների պատշաճ իրականացումը և այս առնչությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին: