Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. վարչապետը՝ նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի մասին

«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի փակ պահել ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Միաժամանակ տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից»,- այսօր՝ մարտի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց ԼՂ-ում երեք ոստիկանների սպանությունների փաստերը, ՌԴ ՊՆ հայտարարությունը և նշեց. «Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին»:

«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա»,- ընդգծեց վարչապետը և հավելեց, որ գնահատականները մնում են նույնը՝ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում:

Նիկոլ Փաշինյանը կարևոր և անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. «Խոսքը ՄԱԿ-ում նախատեսված մեխանիզմների մասին է»:

Վարչապետը, կարևորելով Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործողումը, ընդգծեց. «Դա կհասցեագրի Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումները անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել: Քանի ԼՂ գլխին կանգնած է էթնիկ զտման վտանգը, ԼՂ Պաշտպանության բանակի գոյությունն արդարացված է»:

Անդրադառնալով ՌԴ խաղաղապահների գործունեությանը և նշելով հայկական կողմի անհանգստությունները՝ Նիկոլ Փաշինյանը ասաց նաև, որ ԼՂ-ում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել խաղաղապահ զորախմբի շնորհիվ, ինչի համար շնորհակալություն հայտնեց: