Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ատելության խոսք է տարածում, խտրական քաղաքականություն վարում էթնիկ հայերի նկատմամբ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը

Ադրբեջանն ատելության խոսք է տարածում, խտրական քաղաքականություն վարում էթնիկ հայերի նկատմամբ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Պաշտոնական
13:33, 21 март 2023
ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցի՝ Ադրբեջանի վերաբերյալ մասում ներկայացվում են մարդու իրավունքների բոլոր տեսակի խախտումները, անդրադարձ կա նաև ադրբեջանական զինված ուժերի ռազմական հանցագործություններին։

«Տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բռնության դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների։ Տեղեկություններ են եղել, որ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը մասնակցել են ապօրինի սպանությունների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հայկական ուժերի նկատմամբ: Ադրբեջանն ու Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել բողոքներ՝ միմյանց մեղադրելով 2020 և 2016 թվականների մարտերի ընթացքում վայրագություններ կատարելու մեջ, սպասում են դատարանի վճռին։ Հայաստանը նոր բողոքներ է ներկայացրել սեպտեմբերյան մարտերի վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել և չի պատժել այն պաշտոնյաների մեծամասնությանը, որոնց մասին հաղորդվել է, որ թույլ են տվել մարդու իրավունքների խախտումներ և կոռուպցիոն գործողություններ, անպատժելիությունը մնում է խնդիր։ 2020 և 2022 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ խախտումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել:

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել հայ ռազմագերիներին։

Ասվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո «եղան արժանահավատ տեղեկություններ ապօրինի սպանությունների մասին, որոնք ներառում էին Ադրբեջանում կալանքի տակ գտնվող հայ զինվորների մահապատիժները։ Ի պատասխան հոկտեմբերի 2-ին նման մահապատիժների տեսագրության հրապարակման՝ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ զինդատախազությունը հետաքննություն է սկսել։ Նույն ամսին ավելի ուշ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ քրեական գործեր են հարուցվել տեսանյութում ներկայացված հանցագործություններ կատարողների վերաբերյալ՝ առանց այլ մանրամասների»։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի իշխանությունները հայտնում են, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում երեք հայ խաղաղ բնակիչ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել: Ադրբեջանի իշխանությունները հայտնել են երեք խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին։

Անդրադարձ է կատարվում նաև Amnesty International-ի՝ տարեցներին վերաբերող զեկույցին, որում ասվում է ադրբեջանական ուժերի կողմից հայ տարեցների ապօրինի սպանությունների մասին։

«Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն զեկույց է հրապարակել, որում մտահոգություն է հայտնում 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների և այլ պաշտպանված անձանց նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին պնդումների վերաբերյալ, այդ թվում՝ արտադատական սպանությունները, խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքն ու կամայական կալանավորումը, ինչպես նաև տների, դպրոցների և քաղաքացիական այլ օբյեկտների ավերումը»,- ասվում է զեկույցում։

Խոսվում է նաև հայ կին զինծառայողների նկատմամբ սեպտեմբերյան մարտերից հետո անմարդկային վերաբերմունքը պատկերող տեսանյութերի մասին, որոնք նկարահանել էին ադրբեջանցի զինծառայողները։

Զեկույցում նաև տեղ է գտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի փակումը։

«Դեկտեմբերի 12-ից մինչև տարեվերջ ադրբեջանցի ցուցարարները, որոնք, ենթադրվում է, լայնորեն աջակցություն են ստանում երկրի իշխանությունների կողմից, փակել են Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ այն անհասանելի դարձնելով քաղաքացիական և առևտրային տրանսպորտի մեծ մասի համար: Human Rights Watch-ը կոչ է արել նրանց, որոնք վերահսկում են ճանապարհը և դրա շրջակա տարածքը, ներառյալ՝ երկրի իշխանություններին, ապահովել, որ ազատ տեղաշարժը չդադարեցվի»,- նշում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Զեկույցում անդրադարձ կա նաև էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականությանը։ Նշվում է, որ 1991 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի փակումից հետո ագրեսիվ հռետորաբանությունն ու ատելության խոսքը գնալով ավելի տարածված են դարձել, հատկապես, երբ մի ամբողջ սերունդ մեծացել է առանց մյուս կողմի հետ փոխգործակցության: Քաղաքացիական հասարակության ակտիվիստները հայտարարել են, որ մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով հայերի նկատմամբ ատելության խոսք: Հայկական անուններով անձինք սահմանային անցակետերում ենթարկվում են լրացուցիչ զննման և ժամանակ առ ժամանակ մերժվում է նրանց մուտքը երկիր։

«Նոյեմբերի 14-ին BBC-Ադրբեջանը հաղորդել է Ադրբեջանի «հայրենասիրական ուսումնական ծրագրի» մասին՝ վկայակոչելով փորձագետներին, որոնք մտահոգություն են հայտնել, որ այն կարող է ատելություն սերմանել երիտասարդ ուսանողների շրջանում: Հոդվածում բերված անընդունելի նյութերից էր 6-րդ դասարանցիների համար նախատեսված ադրբեջաներենի դասագիրքը, որը ներառում էր «Փոքրիկ պատանդներ» կոչվող փոքրիկ պատմվածք՝ հետևյալ բովանդակությամբ. «Կատաղած հայերը ժանգոտ աքցանով հանում էին կարդալ ցանկացողների լեզուն, մերկացնում էին ու ծաղրում»։ Հունվարի 30-ին Ադրբեջանի պետական AZERTAC լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Ալիևը հայտարարել է․ «Մենք ոչ միայն ազատագրել ենք մեր հողերը, մենք մաքրել ենք տարածաշրջանը, Հարավային Կովկասը այս վայրի ուժերից»»,-ասվում է զեկույցում։

Եվս մեկ մեջբերում է արվում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ սեպտեմբերի 22-ի զեկույցից, որում ասվում է․ «Ռասայական ատելության հրահրումը և ռասիստական կարծրատիպերի տարածումը հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև նման գործողությունների համար հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը»:

Մեջբերվում են նաև 2021 թվականի դեկտեմբերի Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որը ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց դեմ գործեր ներկայացնելու՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար։ Ադրբեջանի վերաբերյալ վճռում դատարանը բավարարել է Հայաստանի պահանջած միջանկյալ միջոցներից շատերը, այդ թվում՝ որոշումը, որ Ադրբեջանը պետք է 2020 թվականի աշնանային մարտերի ընթացքում կամ դրանից հետո ձերբակալված հայերին պաշտպանի բռնությունից և մարմնական վնասվածքներից ու ապահովի նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը:

Թարգմանությունը՝ factor.am