Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիան և Անի համայնքներում անցկացված ընտրությունների հետ կապված դիմում- բողոքներ այս պահի դրությամբ չեն ստացվել. ԿԸՀ

Սիսիան և Անի համայնքներում անցկացված ընտրությունների հետ կապված դիմում- բողոքներ այս պահի դրությամբ չեն ստացվել. ԿԸՀ
Պաշտոնական
14:19, 27 март 2023
Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի պահանջով դիմումներ, ինչպես նաև այլ դիմում-բողոքներ այս պահի դրությամբ չեն ստացվել։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին ԿԸՀ լրատվական բաժնից։ 

Ինչպես հայտնի է՝  ԿԸՀ-ն հրապարակել է Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերի՝ 2 տեղում էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը 50+ ձայներ է ստացել։  

Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  ընտրողների 54.71%-ը կամ  21.226 անձ։

Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է 3 հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեքի դեպքում էլ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով:

Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Հրապարակումներից 3-ի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ: Հրապարակումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, հետևապես կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք:

Սիսիան համայնքում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում կամ ենթակա բաժիններում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել:

Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է 6 հրապարակում: Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի կողմից դրանց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում: