Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և վիրավորների լուրերի մասին

ՊՆ-ն՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և վիրավորների լուրերի մասին
Պաշտոնական
18:39, 25 май 2021
Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու  իրականությանը:

Մայիսի 25-ին ՊՆ հայտնեց, որ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։