Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Պաշտոնական
18:24, 26 май 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ
Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ազգային տոնի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝
Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր
անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետևողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ
ձգտումը՝ կառուցելով և զարգացնելով Վրաստան պետությունը։

Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանը և Վրաստանը իրենց պետականաշինության ընթացքում մշակել և
ներդրել են այնպիսի փոխգործակցության նախադրյալներ, որոնց իրականացմամբ հնարավոր է եղել մեր երկրների
միջև հարաբերությունները լավագույնս պահպանել և զարգացնել:

Այսօր էլ առաջնորդող է այն տեսակետը, որ մեր երկրները շատ անելիքներ ունեն ինչպես երկկողմ
հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում: Այս համատեքստում աներկբա է
Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու և այն նորանոր ձեռքբերումներով հարստացնելու
մեր հանձնառությունը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական
Վրաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց», - նշված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ուղերձում։