Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը
Պաշտոնական
12:29, 28 май 2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։

Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: