Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը ՌԴ-ում հանդիպմանը կարևորել է ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը

ԱԽ քարտուղարը ՌԴ-ում հանդիպմանը կարևորել է ԼՂ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը
Պաշտոնական
16:25, 24 май 2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Իր ելույթում քարտուղարն անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: 

ԱԽ քարտուղարը խոսել է 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: 
 
Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում,  2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը: 
 
Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, և հույս  հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։