Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են
Պաշտոնական
17:45, 15 июнь 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին:

Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը Համաժողովի հրավերի համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։

Աննա Վարդապետյանը կարևորել է նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, նախատեսված է դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ:

Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։