Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումների մշտադիտարկման խորհրդի նիստը

Տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումների մշտադիտարկման խորհրդի նիստը
Պաշտոնական
18:46, 20 июль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը:

Զեկուցելով նախորդ տարվա դեկտեմբերին կայացած նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական փաթեթներին, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին: Մանրամասներ են ներկայացվել էլեկտրոնային արդարադատության ejustice.am հարթակի, էլեկտրոնային դատարան e-court հարթակի միջոցով ծառայությունների մատուցման, e-draft հարթակի արդիականացման, էլեկտրոնային հաշտարարի համակարգի աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:
Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:

Նշվել է, որ ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 93 տոկոս:

Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը: