Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը. հայտարարություն

«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը. հայտարարություն
Պաշտոնական
15:12, 24 июнь 2021
«Իզմիրլյան» Բ/Կ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ իրենք բնականոն կերպով շարունակում են աշխատել:

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց  առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։

Երեկ մեր  բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան»  ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ երեկ  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրեց: Որոշման հրապարակումից հետո դատարանի մոտ հավաքված բուժաշխատողները հայտարարել էին, թե հրաժարվում են այսուհետ օգնություն ցուցաբերել հիվանդներին, քանի դեռ իրենց ղեկավարն անազատության մեջ է:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունիսի 18-ին, հրապարակվել էր ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Հայտարարել էր նաեւ, թե սոցիոլոգիայում կան բանաձեւեր, որոնց միջոցով հնարավոր է տոկոսային հարաբերությամբ մոտավորապես ճշտել, թե ով ինչ ընտրություն է կատարել:

Ձայնագրության տարածումից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելը հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):

Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին և ազատ արձակվել ընտրություննեի օրը՝ հունիսի 20-ին: