Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով․ Նիկոլ Փաշինյան

Խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով․ Նիկոլ Փաշինյան
Պաշտոնական
10:03, 05 июль 2021
Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում
ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ
հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է
ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների
պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի
Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես
նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր
սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության
պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե
ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի
կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում:

Մեր առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում և առաջին
հոդվածում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն
լինելու նյութականացման շուրջ պիտի համախմբենք մեր ազգային լավագույն ներուժը, և այդ համախմբումը պիտի
տեղի ունենա համաձայն ժողովրդի կամքի և ոչ թե ի հեճուկս նրա:

Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության
օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը:

Այս օրակարգերի պատշաճ սպասարկումն է, որ պիտի ապահովի մարդու, մարդկային ներուժի զարգացման համար
անհրաժեշտ իրավական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային պայմանների հասանելիությունը, և այս
օրակարգի վրա պիտի աշխատենք օրնիբուն՝ մեր երկրի անվտանգությունն ու հզորությունը, մարդու և քաղաքացու
ազատությունը, երջանկությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:

Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից,
բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու
քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով: