Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին

«Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
Պաշտոնական
17:36, 23 февраль 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նախքան Շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով, և պետք է ուղիղ ասել, որ մարդու, քաղաքակրթական ցանկացած գործունեություն, ինչ-որ իմաստով, հակաբնապահպանական երևույթ է: Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, և այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը:

Իհարկե, պետք է ասել, որ, ցավոք, այս չափանիշներով չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլև մեզ համար ցանկալի իրավիճակում, և այստեղ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք: Բայց, մյուս կողմից, չենք կարող, այսպես ասած, տնտեսական, քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել: Ես հասկանում եմ, որ իմ բերած օրինակները երբեմն շատ սուր են, շատ գրոտեսկային են, բայց այս շենքը, որտեղ հիմա մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ կառուցվելու, պլանավորման փուլից սկսած մինչև հիմա, որ կանգնած է: Ի վերջո, չմոռանանք, որ այստեղ ինչ-որ ժամանակ եղել է կուսական բնություն և չմոռանանք, որ այն քարը, որը դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից, շինանյութերը և ամեն ինչը, խողովակները, փայտը՝ ամեն ինչը կորզվել է բնությունից: Բայց այս պրիմիտիվ արձանագրումները շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել: Բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները, շահույթները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման վրա: Այս բարդ խնդիրների ամենօրյա իրագործմամբ Դուք եք զբաղվում, հարգելի գործընկերներ, և այսօր հաճույքով կլսենք Ձեր ծրագրերի, ամենօրյա աշխատանքների, հաջողությունների և մարտահրավերների մասին»:

Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է ոլորտի ընթացիկ բարեփոխումները: Դրանցից առաջնային կարևորություն ունեցողներից են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է շենք-շինությունների ապամոնտաժում, շինաղբի հեռացում և ձկնապաշարների զարգացում: Նախարարը նշել է, որ այս կապակցությամբ

• Արդեն երկու շաբաթ է՝ մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել է և տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Աշխատանքները շարունակվում են:

• Ամփոփվել է Սևանա լճում սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը: Դրա շրջանակում ակտիվ աշխատանք է տարվել ապօրինի ձկնորսությունը կանխելու ուղղությամբ, արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020թ. սեպտեմբերից մինչ դեկտեմբերի 1՝ որսի արգելքի մեկնարկը, շուրջ 265 շահառու քվոտավորված և օրինական կերպով որսացել են մոտ 205 տ սիգ: Այսկերպ գործարարները հնարավորություն են ստացել նաև օրինական ճանապարհով արտահանում իրականացնել: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում, գրեթե նույն քանակով քվոտավորում ձկնորսներին՝ որպես արդյունագործական ձկնորսության պաշար: Առաջիկայում կներկայացվի կառավարության որոշման նախագիծ՝ երկրորդ փուլը մեկնարկելու վերաբերյալ:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ զեկուցվել է, որ 2021թ. արձանագրվել է Սևանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը, և ընթացիկ իրավիճակն անցյալ տարվա համեմատ դրական դինամիկա է արձանագրել: Նիկոլ Փաշինյանը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով, կարևորել է հետևողական աշխատանքը և ինչպես առկա, այնպես էլ կանխատեսումների հիման վրա ձևավորվող տվյալների թվայնացումը: «Թվային մոդելի առկայությունը թույլ կտա մեծացնել աշխատանքի արդյունավետությունը», - նկատել է վարչապետը և հանձնարարել աշխատել այս ուղղությամբ:

Հաջորդիվ վարչապետին զեկուցվել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին: Այս համատեքստում ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքները: Նշվել է, որ ներկայում 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսվարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի և անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառ»-ի միջոցներով, այսինքն՝ ՊՈԱԿ-ն, իր բյուջեի հաշվին, հավելյալ աշխատուժի ներգրավմամբ, կիրականացնի փայտանյութի ողջ մթերումը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ստվերային մեծ շրջանառություն է վերհանվել, նաև կան հարուցված քրեական գործեր: Ոլորտում ուռճացված աշխատեղերի կրճատման, խնայողությունների և տնտեսվարման նոր մոդելի կիրարկման արդյունքում այս տարվա մարտի 1-ից նախատեսվում է «Հայանտառ»-ի շուրջ 970 աշխատակցի աշխատավարձերի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ:

Վարչապետին զեկուցվել է ապօրինի անտառհատումների մասին, որոնք, ըստ պատասխանատուների, շարունակում են դեռ զգալի թիվ կազմել: Նշվել է, որ ուսումնասիրվում է անտառների կառավարման մոդելի բարեփոխման հնարավորությունը՝ շուրջօրյա պահնորդական ծառայության ներդրմամբ և տնտեսական բաղադրիչներով: Այս համատեքստում քննարկվել են վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է անտառվերականգնմանը՝ 2020թ. վերականգնվել է 123 հա, 2021թ. նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը: Այս առումով անդրադարձ է եղել Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրին, որը հետաձգվել էր համավարակի և պատերազմի պատճառով: Քննարկվել են այս տարվա ընթացքում ծրագրի իրականացման մանրամասները:

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև կենդանական աշխարհի պահպանման և որսագողության դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքը: Զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կենդանիների հաշվառում և ստեղծել կադաստրի համակարգ: Էական փոփոխություններ են իրականացվելու որսորդության բնագավառում՝ որսորդական տնտեսությունների ձևավորման հեռանկարով: Արդեն իսկ սկսվել է աշխատանքը՝ նախկինում անհատույց օգտագործման նպատակով տրված, կենդանական աշխարհով հարուստ տարածքների կառավարման թույլտվությունների լուծարման ուղղությամբ, կառավարության համապատասխան որոշման ընդունման արդյունքում կվերականգնվի 16000 հա տարածք, գործընթացը շարունակական է լինելու:

Խորհրդակցությանն արծարծվել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների և ստորերկրյա ջրավազանի պաշարի, խորքային հորերի արդյունավետ կառավարման հարցը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:

Ներկայացվել են նաև Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույցների՝ Անտառային կոմիտեի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, զեկուցվել է իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների մասին: Տեղեկացվել է, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ներդրվելու է առցանց կտրոնների համակարգ, որը, հաջողելու դեպքում, նախատեսվում է ներդնել նաև նախարարության մյուս կառույցներում: Գործընթացը կմեկնարկի մարտի կեսերին:

Անդրադարձ է եղել նաև նախարարության աշխատակազմի գործառույթներին, հաստիքացուցակին, կառուցվածքային բարեփոխումներին և կադրային համալրման գործընթացին:

Ներկայացվել են նաև Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին, ինչը նախկինում չի եղել: Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ծառայությունների մատուցման չափանիշներ ներդնել և աշխատանքը կազմակերպել այդ սկզբունքով: Վարչապետը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հետևողական, նախաձեռնողական աշխատանքը և վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացումը՝ ընդգծելով էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը: