Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 բնակարան, 37 հազար դոլար, 25 մլն դրամ. դատավոր Վազգեն Ռշտունու ունեցվածքը․ ՀԺ

2 բնակարան, 37 հազար դոլար, 25 մլն դրամ. դատավոր Վազգեն Ռշտունու ունեցվածքը․ ՀԺ
Քաղաքականություն
17:51, 07 июль 2021
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին նախագահ Վազգեն Ռշտունին 2021 թվականի մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր տարեկան հայտարարագիրը:

Նշենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը:

Ըստ հայտարարագրի՝ Ռշտունին տարեսկզբում ունեցել է 2 բնակարան Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, որը պահպանվել է:

2020 թվականի տարեսկզբում Ռշտունու բանկային հաշիվներին եղել է 819 հազար 197 դրամ, 38 դոլար, 6372 եվրո, որը տարեվերջում դարձել է 1419 դրամ, 65 դոլար եւ 148 եվրո: Նրա կանխիկ միջոցները տարեսկզբում եղել են 40 հազար դոլար եւ 27 մլն դրամ, որը տարեվերջում նվազել է՝ կազմելով 37 հազար դոլար եւ 25 մլն դրամ:

Անցած 1 տարվա ընթացքում նա 10 մլն 594 հազար 553 դրամ աշխատավարձ է ստացել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից, 72 հազար դրամ այլ եկամուտ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից եւ 187 հազար 121 դրամ աշխատավարձ՝ Երեւանի պետական համալսարանից:

Ռշտունու հայրը՝ Ռուբեն Ռշտունին, հայտարարագրել է 6 անշարժ գույք, որոնցից 5-ը համատեղ սեփականություն է, իսկ 1-ը՝ բաժնային: Մասնավորապես՝ բնակարան եւ ավտոտնակ Երեւանի Կենտրոնում, անհատական բնակելի տուն Նորք Մարաշում, այգետնակ Սեւանում, հասարակական նշանակության շինություն Ջրվեժում եւ անավարտ շինություն Փարաքարում: Բոլոր անշարժ գույքերը տարեվերջում պահպանվել են:

Ռուբեն Ռշտունին հայտարարագրել է նաեւ «PORSCHE» մակնիշի ավտոմեքենա, որը եւս տարեվերջում պահպանվել է: Ըստ հայտարարագրի՝ նա տարեսկզբում ունեցել է 300 հազար դոլարի չափով ավանդ բանկում, որը տարեվերջում պահպանվել է:

Ռուբեն Ռշտունու բանկային հաշիվներին տարեսկզբում եղել է 12 մլն 158 հազար 841 դրամ, 74 հազար 380 դոլար եւ 79 հազար 497 եվրո, որը տարեվերջում դարձել է 14 մլն 282 հազար 93 դրամ, 54 հազար 441 դոլար եւ 35 հազար 582 եվրո: Նրա կանխիկ միջոցները տարեսկզբում եղել են 14 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 60 հազար եվրո, որոնցից տարեվերջում փոփոխության են ենթարկվել միայն դոլարային միջոցները՝ դառնալով 80 հազար:

2020-ին Ռուբեն Ռշտունին 2 մլն 262 հազար 119 դրամ եկամուտ է ունեցել տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից:

Վազգեն Ռշտունու մայրը՝ Կարինե Տոնոյանը, տարեսկզբում ունեցել է համատեղ սեփականության իրավունքով 3 անշարժ գույք (բնակարան, անհատական բնակելի տուն, ավտոտնակ) եւ միանձնյա սեփականության իրավունքով 1 հասարակական նշանակության շինություն Երեւանի Կենտրոնում, որը տարեվերջում պահպանվել է:

Տոնոյանը տարեսկզբում ունեցել է 5000 դոլարի չափով ավանդ, որը տարեվերջում պահպանվել է: Նրա բանկային հաշվին 2020-ի սկզբում եղել է 5 մլն 393 հազար 402 դրամ, որը տարեվերջում աճել է՝ դառնալով 6 մլն 642 հազար 530 դրամ:

2020-ին դատավորի մայրը ստացել է 7 մլն 511 հազար 562 դրամ վարձակալության դիմաց վճար եւ 38 հազար 227 դրամ տրված փոխառության դիմաց տոկոս:

Աղբյուր՝ armtimes.com