Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աշխատանքներ ենք տանում նաև այլ պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ»․ Անահիտ Ավանեսյան

«Աշխատանքներ ենք տանում նաև այլ պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ»․ Անահիտ Ավանեսյան
Քաղաքականություն
12:34, 08 июль 2021
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ համաճարակային իրավիճակին և պատվաստման գործընթացին։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկ կատարվել է 5093 թեստավորում, և արձանագրվել է  հիվանդացության 186 նոր դեպք։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նկատվում է դեպքերի և վերարտադրության աճ, այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացը արագացնելուն։

«Այսօրվա դրությամբ 97711 պատվաստում ենք իրականացրել, երեկ ունեցել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է, և աճի այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մենք օրական երկուսից երեք հազար պատվաստում էինք իրականացնում, ապա այսօր արդեն իսկ երևում է աճի տեմպը։ Երեք պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար, և մարդիկ կարող են իրենք ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։ Աշխատանքներ ենք տանում նաև այլ պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ 97711 պատվաստումներից չկա բարդության դեպք, որը կարող էր դառնալ քննարկման առարկա։

Քանի որ պատվաստումները պահանջված են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից, պոլիկլինիկաներում երբեմն հերթեր են գոյանում, ինչից խուսափելու համար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այսուհետ պոլիկլինիկաներում կկարողանան պատվաստվել միայն ՀՀ քաղաքացիները և այն անձինք, ովքեր ունեն կացության իրավունք, իսկ արտասահմանից ժամանած մարդիկ կկարողանան պատվաստվել միայն շարժական կետերում։