Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանում օգտագործվում է AstraZeneca ընկերության արտադրանքը, որը ընդունելի է եվրոմիության երկրների համար․ չկան այլ տեսակներ»․ Անահիտ Ավանեսյան

«Հայաստանում օգտագործվում է AstraZeneca ընկերության արտադրանքը, որը ընդունելի է եվրոմիության երկրների համար․ չկան այլ տեսակներ»․ Անահիտ Ավանեսյան
Քաղաքականություն
13:15, 08 июль 2021
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արտգործնախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում, որպեսզի տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները և ոչ միայն իրենք են ճանաչում, այլ նաև Հայաստանն է ճանաչում այլ երկրների սերտիֆիկատների ֆորմատները։ «Չգիտեմ ինչ ենթադրություններից ելնելով կեղծ լուրեր տարածվեցին, որ կա AstraZeneca, որը որ ընդունելի է, կա որ՝ ընդունելի չէ։ Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է AstraZeneca ընկերության արտադրանքը, որն ընդունելի է եվրոմիության երկրների համար։ Չկան այլ տեսակներ։ Կա պատվաստանյութ, որը Եվրոմիության երկրների կողմից ընդունելի է։ Մեր երկրում օգտագործվում է Եվրոմիության տարածքում արտադրված AstraZeneca։ Բոլոր երկրները սկսել են միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթացը, որն ընթացքի մեջ է», - նշեց Ավանեսյանը։

Անդրադառնալով Սպուտնիկ-Վ պատվաստանյութի՝ Հայաստանում արտադրելու հնարավորությանը, ինչի մասին խոսել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, Ավանեսյանը նշեց, որ այդ մասով տեղեկություն չի կարող տրամադրել և խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Քերոբյանին, իսկ օտարեկրյա քաղաքացիների պատվաստումների մասով Ավանեսյանը նշեց, որ դրանք ընդհանուր պատվաստումների մեջ փոքր տոկոս են կազմում և խոստացավ վաղը բրիֆինգի ընթացքում ներկայացնել պատվաստվողների մասին ինֆորմացիան ավելի բացված կերպով՝ սեռատարիքային կազմը, թե որ մարզերն են առաջատար և այլն։

Անդրադառնալով օտարերկրյա քաղաքացիների պատվաստումները վճարովի դարձնելու հարցին, Ավանեսյանն ասաց․ «Մենք շարժվում ենք մարդասիրական սկզբունքներից ելնելով և պետք է նկատել, որ շատ երկրներ են նույն սկզբունքով շարժվում, որովհետև որևէ երկիր չի կարող ապահով լինել համաճարակային իմաստով, եթե իր շուրջը իրավիճակը բարվոք չէ։ Ելնելով այն հանգամանքից, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է, մենք նման սկզբունք ենք որդեգրել և շարունակելու ենք, բայց դա չի նշանակում, որ հետաքրքրվածության աճի դեպքում մենք մեր քաղաքականության մեջ շտկումներ չենք իրականացնի։ Նախարարի հրամանով ամսի 15-ից ուժի մեջ կմտնի պահանջը, որ պատվաստում կիրականացվի Հայաստանում առնվազն 10 օր բնակվելու պարագայում»։