Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սեղմու՞մ եք իմ ձեռքը»․ Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, կոալիցիա կազմելու առաջարկ է արել Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին

«Սեղմու՞մ եք իմ ձեռքը»․ Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, կոալիցիա կազմելու առաջարկ է արել Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին
Քաղաքականություն
11:38, 18 сентябрь 2023
«Հանրային ձայն» կուսակցությունը Երևանի ավագանու կազմում բաց է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը։

Նա հայտարարել է, որ դեմ չէ պաշտպանել Հայկ Մարությանի կամ Անդրանիկ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն որոշ նախապայմաններով, օրինակ՝ չպետք է լինի կոռուպցիա, վերահսկողական ֆունկցիաները հանձնվի իրեն, իսկ ինքը կստանձնի «սանիտարի» դերը։

Դիմելով Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին՝ նա նշեց․ «Դուք ընդունու՞մ եք իմ հայտարարությունը, սեղմու՞մ եք իմ ձեռքը»,-ասաց նա։ Նա հայտարարեց, որ սպասում է երկու կուսակցությունների արձագանքին՝ իր առաջարկի վերաբերյալ։

Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք իր կոչով ընտրել են իրենց կուսակցությունը՝ առանց հետին մտքերի։
Նա խոստացավ, որ իր կուսակցությունն ընտրողները մի վայրկյան չեն զղջալու իրենց ընտրության համար։

Հավելենք, որ ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել է ընտրություններին մասնակցող քաղաքական 5 ուժ․
«Քաղաքացիական պայմանագիր» – Տիգրան Ավինյան – 32.57 %
«Ազգային առաջընթաց» – Հայկ Մարության – 18.89 %
«Մայր Հայաստան» – Անդրանիկ Թևանյան – 15.43 %
«Հանրապետություն» – Արտակ Զեյնալյան – 11.32 %
«Հանրային ձայն» – Արտակ Գալստյան – 9.68 %
Արտակ Գալստյանը, որը կուսակցության ընտրացուցակի առաջին համարն է, անցնում է քրեական գործով և այս պահին կալանավորված է։ Ապրիլի 17-ին Քննչական կոմիտեից հայտնել են՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։

Աղբյուր՝ iravaban.net