Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատրաստ ենք օգնել Հայկ Մարությանին, եթե ինքն էլ մեզ օգնի՝ սպասարկի ամբողջական իշխանափոխության մեր օրակարգը». Անդրանիկ Թևանյանը գործարք է առաջարկում

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենք ունեն սկզբունքներ, որոնք եթե այլ ուժեր ընդունեն, ապա հնարավոր կլինի համագործակցել. «Առաջինը՝ պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Երկրորդը այն է, որ այն ուժը, որի հետ մենք կհամագործակցենք, պետք է հնարավորություն չտեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության, և այդ ուժը պետք է կիսի մեր ծրագիրը, այն է՝ ամբողջական իշխանափոխություն Հայաստանում»։ 

Թևանյանը ասաց, որ իրենք բաց են քննարկումների համար, ովքեր կցանկանան համագործակցել. «Ուղղակի բանակցություններ չկան հիմա կոալիցիայի հետ կապված։ Մեր սկզբունքը հետևյալն է. մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության մասով, բայց եթե այդ ուժը կկիսի մեր ծրագիրը,  այն է՝ ամբողջական իշխանափոխություն»։

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հետ համագործակցությանը, ապա Թևանյանը ասաց. «Մենք կարող ենք օգնել, որպեսզի ինքը ձայներ հավաքի, բայց դա կարվի այն դեպքում, եթե ինքը կիսի մեր տեսակետները ամբողջական իշխանափոխության մասով. եթե այս մասով լինեն հստակ հայտարարություններ, ապա մենք կշարունակենք քննարկումները»։