Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վճռաբեկ դատարանի նոր նախագահը ոչինչ չի փոխելու այդ կառույցում․ արմատական փոփոխություններ են պետք»․ փաստաբան

«Վճռաբեկ դատարանի նոր նախագահը ոչինչ չի փոխելու այդ կառույցում․ արմատական փոփոխություններ են պետք»․ փաստաբան
Քաղաքականություն / Հասարակություն
15:48, 09 февраль 2021
«Հույս չունեմ, որ Վճռաբեկ դատարանի նախագահը կարող է այնտեղ քաղաքականություն փոխել։ Ես պատկանում եմ, այն իրավաբանների խմբին, ովքեր կարծում են՝ Վճռաբեկ դատարանի կազմի առնվազն 80, եթե ոչ 100 տոկոսը պետք է գնա տուն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով Լիլիթ Թադևոսյանին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրելու հարցին։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է նաև Լիլիթ Թադևոսյանին Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2020 թ․-ի հոկտեմբերին Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու էր առաջադրել Լիլիթ Թադևոսյանին։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում, մեծամասամբ քաղաքացիական ու վարչական գործերով, եկել է այն համոզման, որ Վճռաբեկ դատարանի հատվածական փոփոխությունները՝ նախագահի փոփոխությունները, չեն բերելու ցանկալի արդյունքի․ «Հովհաննես Մանուկյան, Արման Մանուկյան, Երվանդ Խոնդկարյան, այս փոփոխությունները որևէ ձևով այս մարմնում դրական տեղաշարժեր չեն ապահովել։ Այս առումով ես թերահավատ եմ՝ կլինի Լիլիթ Թադևոսյանը, թե մեկ այլ անձ, ես չեմ կարծում, որ Վճռաբեկ դատարանի գործունեությունը դրանից փոխվելու է։ Ես կարծում եմ, որ պետք են արմատական փոփոխություններ»։

Գևորգ Գյոզալյանի խոսքով Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ հակասում են մեկը մյուսին․ մի դեպքում գործը վարույթ են ընդունում, մյուս դեպքում վարույթ չեն ընդունում։ Փաստաբանն օրինակ բերեց վերջերս Սահմանադրականմ դատարանի կողմից կայացրած Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների վերաբերյալ որոշումը․ «Մեկ անգամ Սահմանադրական դատարանն ասել էր, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները ենթակա են բողոքարկման, և դրանից հետո Վճռաբեկ դատարանը անտեսել էր ՍԴ-ի այդ որոշումը, և բողոքները չէին քննում։ Եվ դրա արդյունքում անհրաժեշտություն առաջացավ, որ Սահմանադրական դատարանը վերջերս կրկին նույնաբովանդակ որոշում կայացնի և նրանց հիշեցնի, որ այդ բողոքները ենթակա են քննության»։  

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Վճռաբեկ դատարանը  մեծ ռեսուրս է տանում մեր երկրից․ պարբերաբար ՍԴ-ն մի քանի անգամ որոշում է կայացնում, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորները հասկանան, որ օրինակ՝ այս խնդիրն այսպես պետք է լուծվի, սակայն նրանք շարունակաբար չեն հասկանում։ 

Նարա Մարտիրոսյան